Միջազգային 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆոռնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերին: Դեսպան Սարգսյանը բարձր է գնահատել կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատել է իր հանձնառությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճը: Այս համատեքստում կոնգրեսական Շիֆն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը: Դեսպան Սարգսյանի խոսքերով` այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը և դիրքորոշումը:

Հանդիպմանը կարևորվել է ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը` շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դրական փորձը, համագործակցությունը Սիլիկոնյան հովտի ձեռնարկությունների և ներդնողների հետ։ Կոնգրեսականը նշել է Արմթեքի անցկացման կարևորությունը` հիշելով, որ առաջին հանդիպումը զրուցակիցների միջև տեղի է ունեցել հենց այդ կոնֆերանսի ընթացքում, որին նա մասնակցում էր` իբրև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աջակից։

Կոնգրեսական Շիֆի խնդրանքով ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, դրա շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին և ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարներին:

Դեսպան Սարգսյանը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները` կարևորելով ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:

Նույն շարքից