Հարկավոր է բացառել Սեւանա լճի նկատմամբ Հայաստանի ղեկավար շրջանակների սպառողական քաղաքականությունը, օգոստոսի 18-ին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը՝ անդրադառնալով 2014թ. Սեւանից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության որոշմանը:
Ըստ նրա` Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը զբաղվում է Սեւանի խնդիրներով, սակայն երբեք որեւէ գիտական հիմնավորում չի ստացել` նախքան կառավարության կողմից որոշում ընդունելը: «Մենք չգիտենք, թե ինչպես են հիմնավորվում նման, երբեմն անհեթեթ որոշումները: Խախտվում է ՀՀ «Սեւանա լճի մասին» օրենքը, քանի որ մենք արել են ամեն ինչ, որպեսզի օրենքում պարտադիր պայման լինի ջրի մակարդակի դրական բալանսի պահպանությունը, սակայն վերջին որոշման իրականացումը չի կարող չնվազեցնել լճի մակարդակը: Լիճը փրկելու միակ ճանապարհը, ջրային պաշարները վերականգնելու միակ ուղին ջրի մակարդակը բարձրացնելն է: Լճի ջրի մակարդակի բարձրացման եւ իջեցման տատանումները բացասական են ազդում Սեւանի էկոհամակարգի ձեւավորման վրա», - ընդգծել է Էվելինա Ղուկասյանը:
Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը օգոստոսի 14-ի նիստում որոշում էր ընդունել 2014 թ. Սեւանի ջրառի մակարդակը 25 միլիոն խմ-ով, մինչեւ 270 միլիոն խմ բարձրացնելու մասին՝ նման որոշումը պայմանավորելով ոռոգման համակարգում գյուղատնտեսական պահանջները մատակարարելու անհրաժեշտությամբ: