Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հունվարի 28-ին կայանալիք թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավարությանն ու կարևորել է այն, տեղեկացնում է ODA TV-ն:
«Արևմուտքը պարբերաբար քննադատում է Թուրքիային՝ խոսքի ազատությունը չհարգելու համար: ՄԻԵԴ-ն այս առումով քննություն է անցկացնելու: Եթե Թուրքիայի դեմ որոշում կայացվի, ապա հստակ ասում եմ, որ դա կնշանակի ՄԻԵԴ-ի կողմից մերժել այն արժեքները, որոնց վրա ԵՄ-ն է կառուցվել: Դրանից հետո թող ոչ ոք մեզ չասի՝ ինչ անենք, ինչ՝ ոչ: Թուրքիայում ոչ մեկի հանդեպ քննություն չի իրականացվում «Ցեղասպանություն եղել է» ասելու պատճառով»,-ասել է նա:
Նախարարը դժգոհել է՝ ասելով, որ թուրքերին պատկանած մզկիթների վրա իրականացված հարձակումների համար ոչ ոք ոչինչ չի ասում, սակայն այլ կրոնի ներկայացուցիչների դեմ հարձակումներից հետո բոլորը ոտքի են կանգնում:
Բոզդաղը կոչ է արել երկերեսանի չլինել և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել:
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: