Միջազգային 

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների միջև տարաձայնություններ կան

analitik.am

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների միջև «ֆունդամենտալ տարաձայնություններ» կան Իրանի և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ քաղաքականության հարցում, հայտնում է TASS-ը: Սա խոստովանել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

 

Լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ գերակայել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի համար Վաշինգտոն հրավիրելու և այդ այցի ընթացքում նրա հետ հանդիպելուց Բարաք Օբամայի հրաժարվելու թեման:

 

«Մենք կնախընտրեինք, որ Իսրայելի վարչապետը կիսեր մեր նախագահի հայացքներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության վախերը վերացնելու հարցում: Բայց նա այդ հայացքները չի կիսում»,- ասել է Էռնեստը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «բոլոր ուժերով փորձում է նրան համոզել, որ արժե օգտագործել այն դիվանագիտական հնարավորությունը, որը ստեղծվել է հզոր պատժամիջոցային ռեժիմի շնորհիվ»:

 

«Բայց վարչապետ Նեթանյահուն ամեն անգամ նշում է, որ չի հավատում այդ դիվանագիտական հանրավորության պիտանիությանը, և մենք այդ հարցում ֆունդամենտալ տարաձայնություններ ունենք»,- ավելացրել է Էռնեստը:

 

«Մենք կշարունակենք պնդել մեր դիրքորոշումը ինչպես հրապարակավ, ինչն էլ հիմա ես անում եմ, այնպես էլ Սպիտակ տան պաշտոնատար անձանց կողմից, ընդհուպ մինչև ԱՄՆ նախագահ, իրենց իսրայելցի գործընկերների հետ մասնավոր զրույցներում»,- ասել է Էռնեստը:

 

Մամլո քարտուղարի խոսքով՝ Սպիտակ տանը Նեթանյահուին չեն ուզում ընդունել ոչ այնքան այցի կազմակերպման ընթացքում թույլ տրված «արձանագրությունից նահանջելու» պատճառով, որքան որպեսզի Իսրայելում կայանալիք ընտրությունների նախաշեմին ժողովրդավարական գործընթացին միջամտության տպավորություն չստեղծվի:

Նույն շարքից