ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի խանութներում սննդամթերքի որոշ տեսակներ օրերս թանկացել են: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Վեդոմոստի»-ն, ՌԴ հակամենաշնորհային ծառայությունը գնաճն արձանագրել է երեկ: Օրինակ՝ պանրի միջին գինն աճել է 4,4%-ով՝ դառնալով 331 ռուբլի, կաթինը՝ 5,3%-ով՝ 79 ռուբլի (1լ):
Նշվում է, որ պատճառը վերջին որոշումն է, ըստ որի՝ Ռուսաստանն արգելել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից սննդամթերքի որոշ տեսակների ներմուծումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից, Եվրոպական Միության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից որոշ ապրանքների ներմուծումը ՌԴ մեկ տարով արգելվել է այս տարվա օգոստոսի 7-ից: Մասնավորապես՝ Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ:
Այս կերպ ռուսական կողմը պատժամիջոցների լեզվով պատասխանում է իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ այս որոշմանը միացած երկրներին: Ըստ Ռուսաստանի դեմ որոշման՝ պատժամիջոցներ են սահմանվել Банк Москвы-ի, ВТБ-ի, Россельхозбанк-ի, ինչպես նաև՝ Միացյալ նավաշինական կորպորացիայի նկատմամբ:
Նշված երկրները ՌԴ-ին մեղադրում են Ուկրաինայի շահերը վնասող քաղաքականություն վարելու համար: