Միջազգային 

Կան միջազգային իրավունքի նորմեր և կա դրանց ադրբեջանական ընկալում. Է.Նալբանդյան

analitik.am

Այնպիսի տպավորություն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային սկզբունքների ադրբեջանական ընկալում. Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Դավոսում Ադրբեջանի Նախագահի հայտարարությունն այն մասին, որ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը:

ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ հենց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են ընկած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից արված առաջարկությունների հիմքում:

«Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից, նաև՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը հավելեց, թե Ադրբեջանն այդպես էլ չի արտահայտել իր դիրքորոշումն ի պաշտպանություն միջազգային իրավունքի սկզբունքների:

«Դա է հակասությունն այն խոսքերի մեջ, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցնում են՝ նայած որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալելի լինել այդ հարթակներում։ Բայց իրականության մեջ ստացվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, երբ որ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, ադրբեջանցիներն ասում են, որ այդ կազմակերպությունները կամ կազմակերպությունների ներկայացուցիչները ոչինչ չեն հասկանում: Դե, միգուցե, հասկացողները միայն ադրբեջանցիներն են»,- նշեց նախարարը:

Նույն շարքից