Միջազգային 

Իտալիայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին

Հունվարի 27-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն այցելեց Հռոմի հրեական սինագոգ և դեսպանության անունից ծաղկեպսակ տեղադրեց՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իտալիայում հրեական համայնքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը կարևորել է երկու ժողովուրդների վճռական պայքարը ցեղասպանությունների հարցում անտարբերության, երեսպաշտության և ժխտողականության դեմ:

Նա նշել է, որ զոհերի և վերապրածների ժառանգների առաքելությունն ու բարոյական պարտականությունն է միավորվել՝ նոր ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարելու նպատակով՝ նկատելով, որ ցեղասպանության ոճրագործությունը հերքողները նույնքան հանցավոր են, որքան այն իրականացնողները:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձին` դեսպանն ընդգծել է Նախագահի խոսքերը, որ զոհերի ոգեկոչումն ու նման ոճրագործությունների դատապարտումն անհրաժեշտ են հետագա ցեղասպանություններից խուսափելու համար, և որ պետական մակարդակով ժխտողականությունը «հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ»:

Իտալիայի հրեական համայնքի ղեկավար ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:

Նույն շարքից