Միջազգային 

Էրդողանի հրավերը անհեռատես, ցինիկ, թերհաշվարկված ու սին քայլ էր. Սերժ Սարգսյան

Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն ուղղված նամակ հրավերին:



Սերժ Սարգսյանը Էրդողանի հրավերը ցինիկ ու անհեռատես է կոչել:



Նա մասնավորապես ասել է.

«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես եւ հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել եւ մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների եւ հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը եւ դրան հետեւած միջազգային եւ հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:



Այդ քայլը սին է, ինչպես եւ ժխտողականության բոլոր դրսեւորումները»:



«Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության եւ անլիարժեքության բարդույթների դրսեւորում է, այլեւ իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը:

 

Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաեւ ազգայնական կուսակցություն եւ կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: «Մեզ համար դա կարեւոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին: Այն նույն բանտերից, որտեղ օրըստօրե ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր փորձում են ազատորեն արտահայտվել»,-ասել է ՀՀ նախագահը:

Նույն շարքից