Թուրքմենստանում այս տարի նախատեսվում է անցկացնել Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների գագաթաժողովը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ այսօր Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների հարաբերություններին, տարածաշրջանի ու Եվրոպայի համար կարևոր նախագծերին, այդ թվում՝ տրանսպորտային, էներգետիկ ոլորտներին, ինչպես նաև երեք երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
«Այս երկրների համատեղ գործողությունները շատ կարևոր են: Մենք կողմ ենք, որպեսզի այս եռակողմ մեխանիզմը շարունակվի նաև երկրի նախագահների մակարդակով»,- ասել է Չավուշօղլուն: