Իսպանացի հեղինակ, հոդվածագիր և լրագրող Գիլյերմո Սամուդիոն ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, կոտորածների իրականացման շարժառիթներին և ճանաչմանը:
Այս տարի լրանում է ժամանակակից աշխարհի առաջին ցեղասպանության մեկ դարը, որը դարձավ նախադեպը տարիներ անց հրեաների հանդեպ Հիտլերի իրականացրած գործողությունների: Հայոց ցեղասպանությունը օրինակն է այն բանի, թե ինչ վայրագությունների է ունակ մարդ արարածը` իր անվստահության, հավակնությունների կամ պարզապես իր բնույթի պատճառով:
Հասկանալու համար այս իրադարձության շարժառիթները՝ կարևոր է գիտենալ, որ հայերը քրիստոնյա ժողովուրդ են, ովքեր 15-րդ դարից բնակվել են Օսմանյան կայսրության տարածքում: Կայսրության տարածքում ապրող ցանկացած կրոնական խումբ իր համայնքն ուներ, որին ինչ-որ չափով ինքնավարության իրավունք էր տրված` սուլթանին հավատարիմ լինելու և իրենց պարտավորությունները կատարելու դեպքում: Սակայն այս համայնքները (հայեր, հույներ, բուլղարներ, սերբեր և հրեաներ) իրավունք չունեին մասնակցելու երկրի կառավարությանը կամ բանակի մաս կազմելու:
19-րդ դարի վերջին երկրում ազգայնական իշխանություն ծնվեց, որը կայսրությունում նոր օրենքներ էր սահմանում: Մինչ այդ երկրում թույլատրվում էր երկքաղաքացիությունը: Այդ ժամանակ սուլթան Աբդուլ Համիդ II-ը հրամայեց բանակին՝ վերացնել ցանկացած բան, որը օսմանյան չէր` մեկնաբանելով, թե միայն հայ լինելը, և ոչինչ ուրիշ, ապերախտություն և դավաճանություն է: Այսպիսով՝ երկու տարում (1894-1896) թուրք զինվորականների ձեռքով սպանվեցին առաջին հարյուր հազարավոր հայերը, որը, սակայն, համեմատելու չէ այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ երիտթուրքերի օրոք:
1913-ին իշխանության գլուխ բարձրացան արմատական ազգայնական երիտթուրքերը, որոնց ստեղծած «Միություն և առաջադիմություն» հանձնաժողովի անդամներ մեծ վեզիր Մեհմեդ Թալեաթը, պաշտպանության նախարար Իսմայիլ Էնվերը և նավատորմի նախարար Ահմեդ Ջեմալը առաջնորդվում էին «Թուրքիան թուրքերի համար է» կարգախոսով: Այս արտահայտությունը հորինվել էր՝ արդարացնելու համար ոչ թուրք բնակչության դեմ կատարած գործողությունները:
Այն ժամանակ, երբ կրոնը հիմնական պատճառն էր հարձակումների համար, մեծ թվով հայ զինվորներ միացան խորհրդային բանակին` մարտնչելու թուրքերի դեմ՝ Առաջին աշխարահամարտի ժամանակ: Սա պատճառ հանդիսացավ, որ հայ զինվորներին, որոնք կազմում էին թուրքական բանակի մի մասը, զինաթափեն և պարտադրեն ծանր աշխատանք կատարելու: Նրանց, ովքեր չմահացան ծանր աշխատանքից, ինչպես նաև՝ հայ մտավորականության առաջնորդներին 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին և սկսեցին տանջել: Ավելի ուշ կառավարությունն այդ գործողություններն օրինականացրեց մի օրենքի ընդունմամբ, որով թույլատրվում էր տեղահանել և ձերբակալել բոլոր հայերին, ովքեր բնակվում էին կայսրության տարածքում` առանց թողնելու որևէ բան վերցնել իրենց հետ, անգամ ջուր:
Թուրքերի իրականացրած վայրագությունների, բռնությունների ու տեղահանումների ժամանակ սպանվեց մեկուկես միլիոն հայ: Առաջին աշխարհամարտից հետո թուրքական դատարանը բրիտանացիների ճնշման Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին տակ դատապարտեց մահվան, թեև նրանք արդեն լքել էին երկիրը:
Այսօր Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում իրականացված գործողությունները՝ որպես ցեղասպանություն, ավելին` դրանք համարում է Առաջին աշխարհամարտի տարիների զինված հակամարտությունների հետևանք, սակայն Իսպանիայի թագավորական ակադեմիան ցեղասպնությունը սահմանում է այսպես. «Սոցիալական խմբի համակարգված բնաջնջումը կամ ոչնչացումը` ռասսայական, էթնիկական, կրոնական, քաղաքական կամ ազգայնական պատճառներով»: Այնպես որ՝ դատեք ինքներդ: