Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կռվում են Ուկրաինայում պաշտոնական իշխանությունների կողմից, չեն ենթարկվի պատասխանատվության՝ արտերկրում զինված խմբավորումների մասնակցության համար, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լևան Իզորիան:
«Այս փոփոխությունները ոչ մի կերպ չեն վերաբերում Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք կմասնակցեն Ուկրաինայում մարտական գործողությունների օրինական ուկրաինական իշխանությունների իրավասության շրջանակներում»,- բացատրել է Իզորիան՝ նշելով, որ այդ հոդվածի տակ կընկնեն բոլոր նրանք, ովքեր կռվում են անօրինական զինված խմբավորումներում:
Բացի նման խմբավորումներում անմիջական մասնակցությունից, առաջարկվում է նաև պատիժ սահմանել դրանց մեջ ներգրավվելու ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև նրանց խորհրդանիշների տարածման և օգտագործման համար:
Ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Գեորգի Քալանդաձեն հայտարարել է, որ մոտ հարյուր վրացի նախկին զինվորական կամավորական սկզբունքներով մասնակցում է Ուկրաինայի արևելքում մարտական գործողություններին: Նրա խոսքով՝ վրացիներն ուկրաինական բանակում չեն ստանում վարձատրություն և նրանց ֆինանսապես օգնում են Վրաստանում գտնվող իրենց ընտանիքներն ու մտերիմները: