Եվրոպայում պետք է պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի տնտեսական առաջնային ոլորտների վրա և ռուբլին հանվի միջազգային ֆինանսական շրջանառությունից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Լեհաստանում հայտարարել է Եվրոխորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից, Եվրոպական Միության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից որոշ ապրանքների ներմուծումը ՌԴ մեկ տարով արգելվել է այս տարվա օգոստոսի 7-ից: Մասնավորապես՝ Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ:
Այս կերպ ռուսական կողմը պատժամիջոցների լեզվով պատասխանում է իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ այս որոշմանը միացած երկրներին: Ըստ Ռուսաստանի դեմ որոշման՝ պատժամիջոցներ են սահմանվել Банк Москвы-ի, ВТБ-ի, Россельхозбанк-ի, ինչպես նաև՝ Միացյալ նավաշինական կորպորացիայի նկատմամբ:
Նշված երկրները ՌԴ-ին մեղադրում են Ուկրաինայի շահերը վնասող քաղաքականություն վարելու համար: