Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը, թուրքական «Հաբերթյուրք» պարբերականի հետ զրույցում պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին՝ նշել է, որ հայերի հարցում Թուրքիայի մոտեցումը դրական զարգացում է ապրում։
Լրագրողի այն հարցին, թե որպես հայ՝ ի՞նչ է զգում, երբ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայում նշելու են Դարդանելի ճակատամարտի 100-րդ տարելիցը, Մահչուփյանը պատասխանել է. «Եթե Հայկական հարցի ու Ցեղասպանության հարցում ճիշտ քայլ անեք, ապա ապրիլի 24-ին այս տոնը չնշելու պատճառ չի լինի»։
Որպես օրինակ Մահչուփյանը բերել է Էրդողանի՝ նախորդ տարվա ապրիլի 23-ին հղած ցավակցական ուղերձը, Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրն արած հայտարարությունը։
«Թուրքիան հետզհետե հստակ ճանապարհով է գնում։ Միջպետական հարաբերություններում անկախ հայացքներով, հայկական ծագում չունեցող թուրքերի մոտեցումներում դրական տեղաշարժ է նկատվում»,- հավելել է վարչապետի խորհրդականը։
Օրերս Էթյեն Մահչուփյանը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառմանը մասնակցելու հրավերը, հայտարարել էր, որ այդ ճակատամարտում զոհվածների մեջ նաև հայեր են եղել, ուստի եթե Հայաստանը հարգում է նրանց հիշատակը, ապա գոնե խորհրդանշական կերպով պետք է ընդուներ Թուրքիայի նախագահի հրավերը։