Տնտեսություն 

Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցվի

analitik.am

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության  եւ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջեւ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի (2x270ՄՎտ) կառուցման եւ շահագործման վերաբերյալ» համաձայնագրի հիմնադրույթները:

Նախագծի իրականացման նպատակով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ –ն կներդնի շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար: Կայանում տեղադրվելու են «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններ:

ՀՀ կառավարությունը կաջակցի մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, էլեկտրակայանի եւ հարակից ենթակառուցվածքների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցություն, գործող օրենսդրության շրջանակներում՝ իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկազատումը եւ կոմունալ միացումները, այդ թվում բարձրավոլտ էլեկտրական գծերից դրանց թողունակության շրջանակներում օգտվելու եւ էլեկտրաէներգիայի արտահանման ոչ խտրական իրավունքների տրամադրումը:

Գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարձրացմանը եւ կենսունակության ապահովմանը,  արտադրական հզորությունների զարգացմանը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին:

Նույն շարքից