Տնտեսություն 

Այս տարի կրկնապատկելու ենք արտահանման ծավալները

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց գյուղատնտեսության վերջին 7 ամսվա տվյալները, ոլորտի ձեռքբերումներն ու թերությունները, ինչպես նաև հայտարարեց, որ այս տարի գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները կրկնապատկելու են:

«Մեր կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է եղել տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսությունում ընթացիկ տարվա անցած ամիսներին, չնայած բնական աղետների պատճառած վնասներին, ընդհանուր առմամբ ոլորտում առկա է դրական տեղաշարժ: 2014թ.-ի հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316,1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է 3,2% աճ, իսկ հունվար-մայիս ամիսներին աճի տեմպը կազմել է 5,4%:

«Ընդ որում համախառն արտադրանքի աճի տեմպի նվազումը գլխավորապես պայմանավորված է աննախադեպ ցրտահարությամբ, որի հետևանքով ընթացիկ տարվա հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծիրանի արտադրությունը կտրուկ կրճատվել է»,- ասաց նախախարը՝ նշելով, որ մնացած մշակաբույսերի համեմատ գրանցվել է ծավալների էական աճ:

Սերգո Կարապետյանը ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերումներից համարեց նաև վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը. «Ցանքատարածությունները կազմել են 332,7 հազ. հա, գերազանցել է նախորդ տարվա մակարդակը շուրջ 14,6 հազ. հա-ով, որի պայմաններում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմում է 74,2 տոկոս՝ նախորդ տարվա 71 տոկոսի դիմաց:

Նախարարը կարևորեց հատկապես ռուսական շուկայի գործոնը՝ նշելով, որ այն Հայաստանի համար նորություն չէ: «Մենք մեր պարենային ապրանքների մոտ 70 տոկոսը ռուսական շուկա ենք արտահանում: Ե՛վ Մաքսային միություն, և՛ Եվրասիական տնտեսական միություն մեր մուտքը մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի»,- ասաց նա և ավելացրեց, որ հիմա իրենք աշխատում են երկարաժամկետ ծրագրերի վրա, որովհետև արտահանման ծավալները մեծացնելը մեկ օրվա խնդիր չէ. «Բայց մենք հնարավորություն ունենք մեր արտահանման ծավալները կրկնապատկելու, և ես նորից ասում եմ, մենք այս տարի կրկնապատկելու ենք արտահանման ծավալները»:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին ևս Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ ռուսական շուկա մտնելու խնդիր Հայաստանը չունի. «Մենք հիմա աշխատում ենք մեր արտահանման ծավալների մասին տեղեկություն ներկայացնել ռուսական կողմին: Ես չեմ կարծում, որ մեզ մոտ գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացում կլինի»:

Նույն շարքից