Կառավարություն այսօր հավանություն տվեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը նպատակ է հետապնդում լրացուցիչ երաշխիքներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Համաձայն դրա՝ առաջարկվում է փոփոխություններ իրականացնել «Քաղաքացիական օրենսգրքում» և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում: Ինչպես այսօր գործադիրի նիստին ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կառավարության եզրակացությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում:
«Սկզբունքային առարկություններ չունենք, սակայն պատրաստակամություն ենք հայտնում խորհրդակցել հեղինակի հետ հնարավոր լրամշակումների համար»,-ասաց նա:
Նախագծի մասին հարցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` առաջարկելով նախագծի վրա ևս երկու օր աշխատել, ինչին վարչապետն արձագանքեց. «Ջավադյան, էդ չորս անգամվա և երկու անգամվա մասի՞ն եք խոսում… Բանկը քննարկել է, բայց իմ կարծիքով՝ բանկի առաջարկը ճիշտ չէ, որ տարին չորս անգամ կարող են տոկոսադրույքները փոխել։ Ճիշտ է, որ երկու անգամ տան հնարավորություն, որ մարդը վարկ է վերցնում, մեկ տարվա մեջ եվրոն բարձրանում, հետո իջնում է…. Մարդը բիզնես ծրագիր է անում և այդ վարկի տոկոսներով հաշվարկում է ծրագիրը. հիմա եթե վերցնենք ամեն անգամ փոխենք վարկի տոկոսները, պրոբլեմ ենք ունենալու, սա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց»,-միջամտեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հնարավորություն տվեց ևս երկու օր քննարկելու:
Նշենք, որ վարկային հարաբերությունների ներկայիս իրավակարգավորմամբ վարկատուին հնարավորություն է տրվում միակողմանիորեն փոփոխել վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը, ինչը գործնականում կարող է չարաշահումների տեղիք տալ: Այդ պատճառով առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա վարկատուին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը: