ԱՄՆ-ի վարչակազմը համոզված է, որ այլ երկրների կողմից Կիեւի իշխանություններին զենքի մատակարարումը չի օգնի Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
Նա այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի գործադիր իշխանության տեսանկյունից Ուկրաինայում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը շարունակել պատժամիջոցների օգնությամբ: «Մենք դեռեւս գտնում ենք, որ Ռուսաստանի հաշվարկների վրա ազդելու լավագույն եղանակը տնտեսական պատժամիջոցների կիրառումն է»,- նշել է Սպիտակ տան աշխատակիցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի զանգվածային լրատվության մի ամբողջ շարք միջոցներ, հղում անելով ամերիկյան կառավարության ներկայացուցիչների, հաղորդել էին, որ այն վերադարձել է Ուկրաինայի իշխանություններին զենքի մատակարարումների հնարավորության քննարկմանը:
Մամուլի ասուլիսում, մեկնաբանելով այդ տեղեկությունները, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջեն Փսակին հայտնել է, որ «ոչ մի որոշում չի ընդունվել»: Վաշինգտոնը կարեւորում է Ուկրաինայի հարավ-արեւելքում ներքին զինված հակամարտությունը «քաղաքական ու դիվանագիտական» եղանակներով հաղթահարելը, ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: