ԱԺ-ում կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 78 կողմ, 18 դեմ և 20 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
Նախագծի հեղինակներն էին Գալուստ Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրանտ Բարբարյանը, Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Մհեր Շահգելդյանը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
«Օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է, այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին»,-ասաց նա և հավելեց, թե կոչ է անում դեմ քվեարկել այս նախագծին:
«Դեռ ՍԴ փոփոխություններ չի իրականացվել, արդեն պառլամենտական տարր եք ներմուծում համակարգ»,-հավելեց նա:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ օրենքի հակասահմանադրականությունը կարող է որոշել միայն ՍԴ-ն, ուստի հորդորում եմ պարոն Ջհանգիրյանին դիմել ՍԴ»:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց. «Ես նույն բանն էի ուզում ասել, ինչ Աղվան Վարդանյանը»: