Միջազգային 

Հայաստանը ԵԽԽՎ-ում ավելի դիվանագիտական դիրքորշում ընդունեց. Ուկրաինայի դեսպան

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն հանդես է եկել մի շարք հետաքրքիր հայտարարություններով,գրում է haqqin.az-ը։ Դեսպանը կարծիք է հայտնել մի շարք հարցերի շուրջ՝ սկսած Ադրբեջանում գրաքննադատությունից մինչեւ Ղարաբաղյան հակամարտություն։ 


Ուկրաինացի դիվանագետը բավականին հուզական ելույթ է ունեցել Էլհան Շահինօղլուի՝ «Մայդանից Մայդան» գրքի շնորհանդեսին։


«Ի՞նչ եք առաջարկում, դուրս գամ փողոց եւ հայտարարեմ, որ Բաքվում ես խիստ գրաքննադատության եմ ենթարկվում այն պարագայում, երբ իշխանությունները հայտարարում են, թե երկրում չկա գրաքննադատություն։ Եթե ես որևէ տեղ ելույթի եմ նախապատրաստում, ինձ զանգում եւ զգուշացնում են, որ հանկարծ չքննադատեմ Ռուսաստանին։ Իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասի այն երկրի դեսպանը, որի պետությունը Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվում»,- հայտարարել է դեսպանը։


Իր ելույթի ընթացքում Միշենկոն ուշադրություն է հրավիրել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվաճողական քաղաքականության վրա»։ Դեսպանը նաեւ անդրադարձել է ԵԽԽՎ-ում վերջերս տեղի ունեցած քվեարկությանը, որի արդյունքում ռուսական պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից։


«Ադրբեջանն ու Հայաստանը ԵԽԽՎ-ում պաշտպանեցին Ռուսաստանին։ Ինչու՞։ Ընդ որում, հայ դիվանագետները ձեռնպահ մնացին՝ դրսեւորելով առավել դիվանագիտական դիրքորոշում։  Ադրբեջանը միշտ բողոքում է երկակի չափանիշներից։  Ես համաձայն եմ, որ Ուկրաինան քիչ ուշադրություն  դարձրել Ադրբեջանի խնդիրներին։ Ես դիվանագետ եմ եւ դա հասկանում եմ։  Ինձ հանգստացնում է միայն այն, որ Ադրբեջանը կհամաձայնվի պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ցանկացած բանաձեւ։ Հեքիաթներ են պատմում, թե բանակցությունների համար պետք է հարթակ մնա։ Այդ դեպքում եկեք մոռանանք Ղարաբաղին կից 7 շրջանների մասին։ Չէ՞ որ մենք նման բան չենք ասում ձեզ»,- նշել է դեսպանը։


Միշենկոն հավելել է, որ ինքն հասկանում է պաշտոնական Բաքվի անհանգստությունը, սակայն նա չի հասկանում, թե ԵԽԽՎ-ում Ուկրաինայի դեմ քվեարկելուց Ադրբեջանը ինչ օգուտ ունի։


«Հիմա ես պետք է համոզեմ Կիեւին, թե դրա համար օբյեկտիվ պատճառնե՞ր կային։ Օգնեք Ուկրաինային գոնե մեկ վրանով։ Մեզ միլիարդներ պետք չեն։ Վրաստանն օգնում է, Լիտվան օգնում է»,- հայտարարել է դեսպանը։

Նույն շարքից