Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դժգոհ է 2016 թ. ֆինանսական տարվա` Հայաստանին տրամադրվելիք օգնությունը կրճատելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից: Այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ Սպիտակ տունը կրճատումներ անելիս պետք է հաշվի առնի նաև այն ջանքերը, որոնք հայկական կողմը գործադրում է Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման համար: Այդուհանդերձ, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը հավասար է:
Համփարյանը հավելել է, որ Հայ դատի ամերիկյան հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի և Սենատի հետ` Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության չափը մեծացնելու, ինչպես նաև Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու նպատակով: