Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է պատերազմական դրություն հայտարարել Ուկրաինայում, եթե հակամարտությունը Դոնբասում էլ ավելի սրվի: Այս մասին նա հայտարարել է El Pais պարբերականին տված հարցազրույցում:
«Եթե հակամարտությունը շարունակի սրվել, ես պատրաստ եմ ռազմական դրություն հայտարարել ամբողջ երկրում, և Ռադան կաջակցի դրան: Ես դա դեռևս չեմ անի, քանի որ դա կենթադրեր ժողովրդավարության և ազատությունների սահմանափակում, ինչպես նաև սպառնալիք կհանդիսանար տնտեսության զարգացմանը: Ո՞վ կայցելի պատերազմական իրավիճակում գտնվող երկիր: Առաջիկա ամիսներին նախատեսում ենք մլրդ դոլարների ներդրում ստանալ»,- ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով` իրադրությունը Ուկրաինայում շատ բարդ է, քանի որ երկիրը պետք է բարեփոխություններ անի տնտեսության ոլորտում և միաժամանակ հյուծիչ պատերազմ մղի` թույլ չտալով դրան տարածվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերագույն Ռադայում բանաձևի նախագիծ է գրանցվել` ռազմական դրություն հայտարարելու մասին առաջարկ ներկայացնել խորհրդարան: