Միջազգային 

Լեհաստանի նախագահը երկրորդ անգամ կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում

Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մտադիր է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում։ Այս մասին փետրվարի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը՝ նախագահը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Ես պլանավորում եմ նորից պայքարել Լեհաստանի նախագահի պաշտոնի  համար»,- ասել է Կոմորովսկին՝ ընդգծելով, որ այդ որոշման վրա ազդել է իր կատարած աշխատանքի գնահատականը եւ ընտրազանգվածների վստահության մեծ մակարդակը։



Նշենք, որ Լեհաստանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա մայիսի 10-ին։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, ապա մայիսի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։



Կոմորովսկուց  բացի, իրենց թեկնածությունն են առաջադրել երկրի խոշորագույն ընդդիմադիր «Օրենք եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Անջեյ Դուդան, Ձախ դեմոկրատական ուժերի միության ներկայացուցիչ Մագդալեն Օգուրեկը, Յանուշ Կորվին Միկեն՝ իր անվամբ կոչված կուսակցությունից, ինչպես նաեւ անկուսակցական թեկնածու Գժեգոժ Բրաունը։ Ադամ Յարուբասը ներկայացնում է Լեհաստանի գյուղացիական կուսակցությունը, Մարիան Կովալսկին՝ «Ռուխ Նարոդովի» կուսակցությունը, իսկ Աննա Գրոդսկայան՝ «Կանաչների շարժում»-ը։

Նույն շարքից