Մեծ Բրիտանիայում դեռևս հստակ որոշում չկա, թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ինչ պատվիրակություն կժամանի Հայաստան: Այս մասին այսօր ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
«Անցած տարի Մեծ Բրիտանիայի վարչապետը ստացել էր հրավերք՝ ապրիլի 24-ին Հայաստանում ներկա գտնվելու մասին, բայց պատասխանեց, որ ինքն անձամբ չի կարող ընդունել հրավերը և ներկա գտնվել միջոցառումներին, բայց հայտնել էր իր մտահոգությունը, և թե որքան կարևոր է հայ ժողովրդի համար 100-ամյա տարելիցը: Վարչապետը իր մտահոգությունն էր հայտնել այդ հարցի կապակցությամբ»,- ասաց նա:
Դեսպանը տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայից ներկա կգտնվի Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ, բայց թե կոնկրետ ով և ինչ մակարդակով, դեռևս իրեն հայտնի չէ: Այդ մասին տեղեկություն կլինի ավելի ուշ:
Դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահը ևս հրավերներ է ուղարկել երկրների ղեկավարներին՝ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը ներկա գտնվելու համար, ի՞նչ պատվիրակություն է մեկնելու Թուրքիա, դեսպանը պատասխանեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ՝ բարձր մակարդակով ներկայություն լինելու է, թե՝ ոչ, բայց կարող եմ ասել, որ բրիտանացի զինվորներ ևս զոհվել են այդ ճակատամարտում»:
Լրագրողի դիտարկմանը, թե թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ արքայազն Չարլզն է գալու Թուրքիա, դեսպանն ասաց, որ հարցի վերաբերյալ հստակ տեղեկություն չունի:
Ինչ վերաբերում է անձամբ իր ներկայությանը, դեսպանը նշեց, որ եթե ստանա հրավեր, անպայման ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում: