Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն տվել է մեկնաբանություն, քննարկումներ կլինեն ԳՄ առաջիկա նիստում, ապա կլինի հայտարարություն. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան հարցի, թե իշխանությունները պատրաստվո՞ւմ են հեռանալ իշխանությունից՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի պահանջին՝ չգնալ սահմանադրական փոփոխությունների, ապա պատգամավորն ասաց, որ ժամկետները մոտենում են, կլինի հանրային քննարկում և վերջնական ամփոփում:
Խոսելով Գագիկ Ծառուկյանի դիտարկումից, թե գնդակն իշխանության դաշտում է, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Գնդակի հետ կապված, ինչ է, ուզում եք ձեր դաշտո՞ւմ լինի: Գնդակը բնականաբար ցանկացած երկրում իշխանության դաշտում է լինում, և իշխանությունը գնդակը խաղարկում և կայացնում որոշումներ ի նպաստ այդ երկրի և ժողովրդի»։
Ըստ նրա՝ եթե իշխանափոխության կարիք լինի, ընտրությունները դա կորոշեն։ «Բնականաբար կլինի նոր վերադասավորումներ նոր քաղաքական դաշտում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի հայտարարությանը, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ, նա անձամբ չէր գրել, ապա Բաղդասարյանն ասաց, որ ԱԺ նախագահը կարող է ցանկացած ժամանակ առանց պատրաստի ելույթի հանդես գալ. կարևորն այն է, որ տեքստի գաղափարն ու խոհեմությունը հակասական չլինեն, ինչպես այլոց դեպքում է:
Հարցին, թե ելույթից դատելով՝ Գագիկ Ծառուկյանը արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների է պատրաստվում, ՀՀԿ-ականը պատասխանեց, որ ԲՀԿ-ի մարտավարությունն է՝ պատրաստվել 2017-ի ընտրություններին:
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ բնականաբար փոփոխություններ կլինեն, քանի որ պատրաստվում են սահմանադրական մոդելի փոփոխման:
«Որոշ փոփոխություններ պետք է լինեն, իսկ որոշողը ժողովուրդն է»,-ասաց նա: