Միջազգային 

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ նամակ է հղել երկրի պետքարտուղար Ջոն Քերիին

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ նամակ է հղել երկրի պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրակարգ բերել այդ երկրում արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետևորդ լրագրողների վերջին օրերին ձերբակալության հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ ամերիկացի կոնգրեսականները նման քայլի են դիմել` մեկ օր առաջ New York Times թերթում կարդալով Թուրքիայում հակաժողովրդավարական գործողությունների պատճառով Էրդողանի վարչախմբին քննադատած Գյուլենի հոդվածը:

 

ԱՄՆ կոնգրեսականները նամակում նշել են, որ Էրդողանը լրագրողների, իրավաբանների, փաստաբանների և ոստիկանների զանգվածային ձերբակալություններ է սկսել այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բացահայտվել են նրա որդու, դստեր և փեսայի միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները:

 

«Այդ ձերբակալություններից հետո Թուրքիայում 400-ից ավելի մարդու սկսեցին հետևել Twitter-ում, որոնցից 150-ը «գյուլենական համայնքի» ներկայացուցիչներ են, ինչից հետո Էրդողանի հրահանգով այդ սոցիալական ցանցն արգելափակվեց: Էրդողանն ընտրել է իրեն քննադատող ընդդիմությանն այդ ճանապարհով լռեցնելու ուղին: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի կարևոր անդամ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ դնի մամուլի ազատության և ընդդիմադիր ձայների դեմ իր ոտնձգություններին», -նամակում նշել են կոնգրեսականները:

Նույն շարքից