Միջազգային 

Կիմ Չեն Ընը ներկա է եղել նոր հականավային հրթիռի փորձարկմանը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել նոր տեսակի հականավային հրթիռների փորձարկմանը, որի ժամանակ հրթիռը հստակ խոցել է պայմանական թշնամու թիրախը։ Ինչպես շաբաթ օրը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, հրթիռը շուտով կտրամադրվի Կորեայի ազգային բանակի ռազմածովային ուժերին։ 


Երկրի արեւելյան ափամերձ տարածքում կատարված փորձարկումից հետո երկրի Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատարը գոհունակությամբ նշել է, որ որակյալ հրթիռային զենքը, որի արտադրությունը կարգավորվել է ԿԺԴՀ-ում, «ի վիճակի է զսպել հակառակորդին՝ խոցելով նրա նավատորմի նավերը հեռավոր տարածությունից»։ Կիմ Չեն Ընը նոր խնդիրներ է դրել գիտնականների առջեւ՝ ելնելով ազգային պաշտպանության ապահովվման անհրաժեշտությունից։ Նա ընդգծել է գերճշգրիտ կառավարման տակտիկական հրթիռների արտադրության կարեւորությունը՝ նշելով, որ դրանք կարեւոր դեր են խաղում ժամանակակից մարտական գործողություններում, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 


Առաջնորդի հետ փորձարկմանը հետեւել են նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բանակի գեներալներ եւ մի խումբ գիտնականներ։

Նույն շարքից