Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ճապոնիայի վարչապետը մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել Կուրիլյան կղզիների վերադարձման ու խաղաղության պայմանագրի կնքման համար:
Այդ մասին Սինդձյո Աբեն հայտնել է «Հյուսիսային տերիտորիաների վերադարձման համազգային ցույցի» ընթացքում:
«Ես կվերսկսեմ բանակցությունները Ռուսաստանի հետ, անբնական է, որ պատերազմից 70 տարի անց երկու երկրները դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր»,- նշել է վարչապետը:
Ճապոնիայի կառավարության ղեկավարն իր ելույթում զերծ է մնացել կոշտ քննադատություններից ու արտահայտվել շատ հակիրճ:
Հիշեցնենք որ «Հյուսիսային տերիտորիաների վերադարձման համազգային ցույցը» Ճապոնիայում ընթանում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 7-ին, քանի որ 1855թ.-ի հենց այս օրը Ճապոնիայի ու Ռուսաստանի միջեւ կնքնվել է առաջին պայմանագիրը:
Միջոցառումներն անցկացվում են Տոկիոյում ու մի շարք այլ քաղաքներում, որին մասնակցում են ներկա կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուրիլյան կղզիները ընդգրկվել են Ռուսաստանի կազմում, սակայն հարավային Կուրիլները, որոնց նկատմամբ հավակնություններ ունի Ճապոնիան, մինչ այժմ մնում են խնդրահարույց: