Այս տարվա հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ ամսվա համեմատ, աճել է 19.2%-ով, իսկ 2013թ. հուլիսի համեմատ՝ 7.2%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ցուցանիշների՝ 2014թ. հունվար-հուլիսին (աճողական), 2013թ. հունվար-հուլիսի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 4.1%-ով:
Համեմատելով հուլիսի վիճակագրական տվյալները՝ փորձենք հասկանալ, թե ինչի հաշվին է աճել տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում:
Այսպիսով:
Համեմատենք այս տարվա հուլիսի տվյալները հունիսի հետ:
Պարզվում է, որ հուլիսին արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 6.9%-ով՝ ի հաշիվ բոլոր ենթաոլորտներում արձանագրված աճի: Դրանք են՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում (5.3%), մշակող արդյունաբերություն (4.8%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (20.6%), ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (4%): Ի դեպ, հայաստանյան արդյունաբերության մեջ 70%-ը զբաղեցնում է մշակող արդյունաբերությունը: Ուստի՝ այդ ոլորտում արձանագրված աճը զգալի ազդեցություն ունի ընդհանուր արդյունաբերությունում արձանագրված աճի հարցում:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հուլիսին, հունիսի համեմատ, աճել է 116.8%-ով: Այսինքն՝ ավելի քան կրկնակի աճ է արձանագրվել:
Տրանսպորտի ոլորտում նշված ժամանակահատվածում ևս աճ է արձանագրվել՝ 31.4%: Այն հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալի աճով՝ 20% և ավտոմոբիլային՝ 41.3%: Հուլիսին իրականացված բեռնափոխադրումների ծավալով ատաջին տեղում ավտոմոբիլայինն է, որին զգալի զիջում է երկաթուղայինը:
Աճել է նաև առևտրի շրջանառությունը՝ 3.5%-ով: Այդ թվում, մանրածախ առևտուրը՝ 4.2%-ով, մեծածախը՝ 1.6%-ով, ավտոմեքենաների առևտուրը՝ 12.7%-ով: Վերջին ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ՝ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
Կապի ոլորտում ևս աճ է արձանագրվել՝ 11.4 %: Այն մեծապես պայմանավորված է հեռահաղորդակցության ոլորտում արձանագրված 12.4% աճով:
Եվ վերջինը շինարարության ոլորտն է: Այս ոլորտի ցուցանիշները ներկայացվում են տարեկան կտրվածքով: 2013թ. հուլիսի համեմատ՝ այս տարվա հուլիսին արձանագրվել է 0.6% աճ, իսկ այս տարվա հունվար-հուլիսին, 2013թ. հունվար-հուլիսի համեմաը, արձանագրվել է 0.5% աճ:
Ստացվում է, որ 2014 թ. հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ի հաշիվ տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրված աճի: Այլ հարց է՝ ՀՀ քաղաքացու առօրյայում այս աճը զգացվում է, թե ոչ կամ զգացվելու է արդյոք ապագայում:
Սեդա Հերգնյան