Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մինչև չորեքշաբթի օրը Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» հանդիպում ժամանակ է տվել Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման միջոցների վերաբերյալ Արևմուտքի առաջարկներն ընդունելու համար, գրում է rbc.ru-ն:
Այդ մասին The Wall Street Journal թերթին հայտնի է դարձել դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրներից:
Աղբյուրների համաձայն՝ այն դեպքում, եթե Ռուսաստանի առաջնորդը Մինսկի հանդիպմանը մերժի «Մերկելի և Օլանդի նախագիծը», Մերկելը սպառնացել է ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանել և ընդլայնել այն մարդկանց ցուցակը, որոնց արտասահմանյան բանկերում գտնվող հաշիվները կսառեցվեն:
Մերկելը նաև ասել է Պուտինին, որ խաղաղ ծրագրից Ռուսաստանի հրաժարվելու դեպքում Գերմանիան չի խոչընդոտի Ուկրաինային զենք տրամադրելու ԱՄՆ-ի պլաններին:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ վերջնագրի լեզվով է խոսել:
«Մենք արդեն ամեն ինչ պատմել ենք բանակցությունների տոնի մասին: Ոչ ոք երբեք չի շփվել և չի կարողանա, անգամ եթե շատ ցանկանա, նախագահի հետ շփվել վերջնագրերի լեզվով»,- ասել է Պեսկովը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում: