Կիպրոսում Ռուսաստանի ծովային կամ ռազմական բազաների ստեղծման մասին հարց չի եղել և չկա: Այդ մասին այսօր հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Յոանիս Կասուլիդիսը Բրյուսելում արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի հանդիպմանը, հաղորդում է ТАСС-ը:
«Ավելին, Ռուսաստանի կողմից երբեք նման խնդրանք չի եղել»,- ընդգծել է նախարարը Կիպրոսի ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում:
Անդրադառնալով ՌԴ ռազմական նավերի և ինքնաթիռների կողմից Կիպրոսի ծովային և օդային նավահանգիստներն օգտագործելու հնարավորություններին՝ Կասուլիդիսը նշել է, որ խոսքը «բացառապես ոչ ռազմական, մասնավորապես մարդասիրական բնույթի գործողությունների մասին է, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի երկրներից ռուս քաղաքացիական անձանց տարհանումը նման անհրաժեշտության առաջանալու դեպքում»: