Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մինչև չորեքշաբթի ժամանակ է տվել՝ ընդունելու Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման միջոցների վերաբերյալ իր և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկները: Ինչպես տեղեկացնում է 1in.am դրանք մերժելու դեպքում Ռուսաստանին խոստացվել են նոր պատժամիջոցներ, բացի այդ՝ Գերմանիան այդ դեպքում չի առարկի, որպեսզի ԱՄՆ-ը զինի Ուկրաինային:
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովից հետաքրքվեցինք, թե, ի՞նչ է կարծում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև եղած առճակատման սրացման և արդեն հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ իրավիճակում կհայտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Կարո՞ղ են արդյոք Մինսկի խմբի համախագահող երկրները մի ճակատում հակամարտել, իսկ մյուսում՝ համագործակցել խնդրի լուծմանը հասնելու համար:
Ի պատասխան մեր հարցադրման՝ Լուկյանովն ընդգծեց, թե չի կարծում, որ մոտ ապագայում Մինսկի խմբի աշխատանքները որևէ փոփոխություն կրեն, այլ հարց է, որ այդ խումբը չաշխատող է․ «Առայժմ գերտերությունների ուշադրությունը կենտրոնացած է այլ թեմաների՝ Ուկրինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այո, ես կարծում եմ, որ ֆրանս-գերմանական նախաձեռնությունը կարող է տապալվել, և դրանով ռուս-ամերիկյան հարաբերությունները կանցնեն հաջորդ՝ շատ բացասական փուլի: Մյուս կողմից էլ՝ մինչ այժմ ուկրաինական ճգնաժամը չի ազդել այլ վայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Իրավիճակը չէր բարելավում, բայց, համենայնդեպս, և́ Մերձավոր Արևելքում, և́ մյուս հարցերում Ռուսաստանը այն նույն դիրքորոշման է ինչ որ նախկինում, այսինքն՝ ոչնչով չի փոխել, ոչ էլ կոպտացրել դիրքորոշումները»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ֆորմատը չպետք է տուժի․ «Այլ հարց է, թե ինչ է անում Մինսկի խումբը հիմա ընդհանրապես: Բառերով բոլորն ասում են, որ Մինսկի խումբն արդյունավետ ֆորմատ է, բայց գործնականում բոլորը ընդունում ու հասկանում են, որ այդ խումբը չաշխատող է: Ըստ իս՝ սկզբունքային փոփոխություններ չեն լինի, բայց դա նաև կախված է այն հագմանքից, թե ինչ աստիճանի սրություն կլինի ուկրաինական ճգնաժամի հարցում»:
Լուկյանովի խոսքերով՝ եթե Միացյալ Նահանգները սկսի զենք տրամադրել, Ռուսաստանը դա գործնականորեն կընդունի իբրև «ձեռքերն ազատ արձակելու» նշան․ «Եվ մենք հիմա կանենք այն, ինչ անհրաժեշտ կհամարենք՝ ոչնչին ուշադրություն չդարձնելով: Բայց թե ինչքանով դա կանդրադառնա այլ խնդիրների վրա՝ առայժմ կդժվարանամ ասել»:
Մեր հարցին՝ Ռուսաստանին հիմա ձեռնտո՞ւ է , որ Ղարաբաղի հարցով լինեն ակտիվ բանակցություններ, ինչպես վերջերս հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ֆյոդոր Լուկյանովը պատասխանեց․ «Իմ կարծիքով, բոլորն են հասկանում, որ հիմա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ոչինչ փոխվել չի կարող։ Այդ բանակցությունները տարիներ շարունակ էական արդյունք չեն տալիս, և ես առանձնապես ուշադրություն չէի դարձնի համանախագահի խոսքերին, որովհետև դրանք ֆորմալ դիվանագիտական հայտարարություններ են»,- եզրափակեց նա: