Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակված Ռիչարդ Միլզը հայտարարել է իր գործունեության առաջնահերթությունների մասին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ազատ ու բարգավաճ Հայաստանի կառուցման հարցում օգնությունը, որն ապրում է հարևանների հետ խաղաղության մեջ. դեսպանի խոսքերը հիշեցրել է Независимая газета-ն,տեղեկացնում է tert.am-ը:
Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով.
«Միևնույն ժամանակ Երևանը Բաքվին մեղադրել է փոխվստահության ամրապնդմանն ու հրադադարի ռեժիմի պահպանման հարցերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններից հրաժարվելու համար:
Շփման գծում իրավիճակը վերջին ամիսներին շարունակում է չափազանց լարված մնալ: Ոչ մի օր չի անցնում առանց հրադադարի խախտումների: Կան զոհեր:
Օրերս ադրբեջանական կողմից հայկական դիրքերի վրա բացված կրակի հետևանքով զոհվել է 25-ամյա զինծառայող, ով մշտապես բնակվել է Ռուսաստանում և պատմական հայրենիք էր մեկնել զինվորական պարտքը տալու: Նման բան տեղի է ունենում Հայաստանի և ՌԴ-ի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համաձայնագրի շրջանակներում, որը նախատեսում է, որ ՌԴ-ում բնակվողները կարող են ծառայել կամ ռուսական զինված ուժերում, կամ էլ հայկական բանակում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած որոշ հայտարարություններ միանշանակ չընդունվեցին: Ղարաբաղի հակամարտությունն Ուկրաինայի դեպքերի հետ ուղղակիորեն կապելը նրա գնահատականներին հակառուսական երանգ հաղորդեցին: Որոշ փորձագետներ ընդգծում են, որ մինչ այժմ ադրբեջանական ղեկավարությունը փորձում էր խուսափել Մոսկվայի հետ անգամ ամենափոքր առճակատումից:
Ալիևն ընդգծեց, որ ղարաբաղյան կարգավորմամբ ավելի քան 22 տարի զբաղվում է ԵԱՀԿ հատուկ խումբը, սակայն «ոչ մի արդյունք չկա»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բարձր արդյունավետությունից դժգոհ է ոչ միայն ադրբեջանական կողմը: Հայկական կողմն, օրինակ, կարծում է, որ միջազգային դիտորդների ու միջնորդների պասիվությունը հիմնական պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը կարողանում է մեկը մյուսի հետևից հրաժարվել շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված նախաձեռնություններից:
Սակայն կարծես Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ԵԱՀԿ-ն նոր մեխանիզմներ չունի:
Այսպիսի բարդ պայմաններում Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Միլզն իր գլխավոր նպատակն է համարել ԼՂ հակամարտության լուծումը:
«Երևանում իմ առաջնահերթությունը լինելու է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ աշխատելը, որ հասկանամ, թե ինչ ճանապարհով դեսպանատունն ու անձամբ ես կարող ենք օգնել»,- հայտարարել է Միլզը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության նպատակը Երևանի հետ պարզ է. ազատ ու բարգավաճ Հայաստան, որը հարևանների հետ ապրում է խաղաղ պայմաններում:
«Իմ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին աջակցություն է տրամադրվելու՝ երկրի ժողովրդավարության ամրապնդման ու օրենքի գերակայության հաստատման, տնտեսության ազատականացման ու մի շարք գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ առևտրի ընդլայման ոլորտներում»,- ասել է Միլզը:
Նրա խոսքերը Հայաստանում տարբեր գնահատականների են արժանացել: Որոշները դրանք դիվանագետի հերթական հերթապահ խոսքեր են համարել:
Սակայն կան նաև փորձագետներ, որ կարծում են, թե Միլզի հայտարարություններն ուղղված են ներքաղաքական պայմանների փոփոխությանը, Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությանն ու ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը Հայաստանում և, համապատասխանաբար, Հարավային Կովկասում: Դրա համար հարմար ժամանակ է, ինչը նրանք մեկնաբանում են Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանությունից հետո Երևանի ու Մոսկվայի միջև ստեղծված հարաբերություններով»: