Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները եւ զոհվածների (շեհիդների) ընտանիքները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական վճարումները, ինչի պատճառով նրանք պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը virtualaz.org լրատվական կայքին հայտնել է«Հայրենական պատերազմի հաշմանդամներ» կազմակերպության նախագահ առաջինկարգի հաշմանդամ Ֆիրիդուն Մամեդովը` նշելով, որ իրենք այդ առնչությամբ արդեն ստորագրահավաք են սկսել:
«Շեհիդների ընտանիքները տարիներով չեն կարողանում ստանալ իրենց հարազատի զոհվելու համար հասանելիք փոխհատուցումը: Փոխհատուցման չափը զոհվածների համար կազմում է ընդամենը 11 հազար մանաթ (մոտ 11 հազար եվրո), իսկ ղարաբաղյան պատերազմի առաջին, երկրոդ եւ երրորդ կարգի հաշմանդամների համար` համապատասխանաբար 8800, 6600 եւ 4400 մանաթ, բայց կառավարությունը չի ցանկանում վճարել այդ գումարները», -բողոքել է նա:
Մամեդովը նշել է, որ անցյալ տարվա ակցիաների ժամանակ միտինգավորներին խոստացել էին կարճ ժամանակում վճարել այդ փողերը, բայց դա մինչ օրս չի արվել:
Մամեդովն ասել է, որ զոհվածների ընտանքիներին եւ ղարաբաղյան հաշմանդամներին պետության կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքից դժգոհների մեջ կան մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից:
Նրա խոսքով` ներկայում Ադրբեջանում 13500 զոհվածների ընտանիքներ եւ ղարաբաղյան պատերազմի 11 հազար հաշմանդամներ կան, որոնք 1994 թվականից սկսած չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները:
«Ղարաբաղյան հաշմանդամների մեջ ապրուստի փողից զուրկ, բուժման կարիք ունեցող մեծ թվով քաղաքացիներ կան: Այդ մարդկանց ընտանիքներն ապահովված չեն անհրաժեշտ ապրուստով... Պետության կողմից այդ անտարբերությունն առաջացնում է նրանց խիստ դժգոհությունը», -նշել է Մամեդովը:
Կայքը հայտնում է, որ 1990-ականների սկզբին զինծառայության կանչված քաղաքացիները Ադրբեջանի զինված ուժերում ծառայությունն սկսելու պահից պարտադիր կերպով ապահովագրվել են պետության կողմից, ինչի համար կառավարութունը «Ազերսըղորթա» պետական ապահովագրական ընկերության հաշվին փող է փոխանցել:
Ադրբեջանի սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 28-ին զինծառայողներին հատկացված պարտադիր ապահովագրության վճարումների հետ կապված վճիռ է ընդունել: Այդ փաստաթղթի հիման վրա Ադրբեջանի խորհրդարանը պետք է համապատասխան որոշում ընդուներ, ինչը չի արվել: Ղարաբաղյան հաշմանդամները եւ զոհվածների ընտանիքները վճռական են բողոքի ակցիաներ անցկացնելու մեջ`մինչեւ հասանելիք գումարներն ստանալը:
Կայքը նաեւ հայտնել է, որ 2000 զոհվածների ընտանիքների եւ Ղարաբաղի հաշմանդամներին ապահովագրական վճարներ կատարելու վերաբերյալ դատարանի վճիռներ կան հրապարակված:
Նշված փաստերը մեկ անգամ եւս ապացուցում են, որ նավթադոլարներով արբած Ադրբեջանի իշխանությունների համար ղարաբաղյան պատերազմի շեհիդներն ու հաշմանդամները որեւէ կարեւորություն չունեն: