Թուրքիայիվարչապետ ԱհմեթԴավութօղլուն հանդես է եկել հերթական հակահայկական սադրիչ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական հանրային հեռուստաալիքի TRT Haber կայքը, Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆաթուլլահ Գյուլենի շարժումը հայկական լոբբին օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Նրա խոսքով` շարժման առաջնորդը եւ նրա կողմնակիցները հակաթուրքական քարոզչություն են տանում ԱՄՆ-ում:
«Վերջերս Գյուլենը հայտարարել էր, որ Թուրքիայում ոչ մահմեդականների, այդ թվում`հայերի իրավունքները ոտնահարվում են, ինչը բխում է հայկական լոբբիի շահերից», -ասել է Դավութօղլուն` նշելով, որ նման հայտարարությունը պատահական չէ, եթե հաշվի առնվի, որ ապրիլի 24-ին նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Գյուլենին թշնամի հայտարարած Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամակատար Դավութօղլուի այդ հայտարարությունը դուրս է տարրական մարդկային տրամաբանության սահմաններից: Էրդողանի մերձավորների, այդ թվում որդու, դստեր, փեսայի, ինչպես նաեւ Թուրքիայի կառավարության անդամների միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները բացահայտման համար «գյուլենականներին» մեղադրող եւ հետապնդող այդ երկրի իշխանությունները թուրքական հասարակության առաջ իրենց կեղտոտ գործերը կոծկելու համար այժմ էլ մեղադրում են հայկական սփյուռքին:
Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալի քննադատներից մեկը: