Միջազգային 

Դեսպան Սահակյանը Աստանայում ներկայացրել է ԼՂ հակամարտության էությունը

 Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը փետրվարի 10-ին Աստանայում դասախոսությամբ հանդես է եկել Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև` «Հարավային Կովկաս․ պատմություն և արդի մարտահրավերներ» թեմայով:


Դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների էթնոգենեզի հարցերին, ազգային-պետական կազմավորումների, արտաքին նվաճողների դեմ պայքարի, քաղաքական կողմնորոշումների պատմությանը, ինչպես և նորանկախ պետությունների առջև ծագած արդի մարտահրավերներին։ Նա լուսաբանել է Հարավային Կովկասում պահպանվող հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության էությունը, ծագումը և դրա քաղաքական կարգավորման ուղիները։


Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը՝ դեսպանն ընդգծել է պատմական հիշողության պահպանման նշանակությունը և Հայաստանի հանձնառությունը նպաստելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության հավաքական ջանքերին:


Դասախոսության ավարտին դեսպան Սահակյանը պատասխանել է ունկնդիրների հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացման հնարավորություններին, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումներին: 

Նույն շարքից