Միջազգային 

Ալասանիան հեռուստաբանավեճի է հրավիրել Իվանիշվիլիին՝ պարզելու ճշմարտությունը

analitik.am

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ «Մեր Վրաստանը- Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հեռուստաբանավեճի է հրավիրել միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի հիմնադիր եւ հանրապետության նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, տեղեկացնում է  «Նովոստի Գրուզիա»-ին:


«Ես դե-ֆակտո վարչապետին բանավեճի եմ հրավիրում ցանկացած հեռուստաալիքում, այդ թվում՝ «Ռուսթավի-2»-ում՝ ուղիղ եթերում քննարկելու բոլոր հարցերը»,- փետրվարի 10-ի ուշ երեկոյան հայտարարել է Ալասանիան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:


Ալասանիայի խոսքով՝ իր համար ավելի հեշտ կլինի բոլոր հարցերը քննարկել ուղիղ եթերում, քան Իվանիշվիլիի հետ խոսել «հայտարարությունների միջոցով»: Ընդսմին քաղաքական գործիչը նշել է, որ պատրաստ է Իվանիշվիլիի հետ քննարկել Վրաստանի դատախազության կողմից պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը, որոնք հարուցվել են իր պաշտոնավարության ժամանակ:


Ալասանիան նաեւ նշել է, որ մտադիր է Իվանիշվիլիի հետ սկսել «այն ապօրինությունների լայն քննարկում, որոնք տեղի են ունենում երկրում»:

«Ավելի վաղ ես խուսափում էի այդ մասին խոսել միջազգային մակարդակով, որպեսզի չվնասեմ մեր երկրի իմիջին, բայց այժմ, այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարության պաշտոնյաների գծով դատարանի նիստը շարունակ հետաձգվում է, ես պատրաստ եմ արշավ սկսել, որպեսզի այդ մարդիկ, որոնք անմեղ են, ազատ արձակվեն»,- հայտարարել է Ալասանիան:


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ին Ալասանիային հեռացրել է պաշտպանության նախարարի պաշտոնից: Ալասանիայի պաշտոնաթողությանը նախորդել է դիմակայությունը հանրապետության Գլխավոր դատախազության եւ պաշտպանական գերատեսչության միջեւ, ինչը պայմանավորված էր նախարարության մի խումբ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցմամբ: Ալասանիայի պաշտոնաթողությունից անմիջապես հետո Վրաստանի կառավարությունը լքեցին եւս երկու նախարարներ՝ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն եւ եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, որոնք Ալասանիայի քաղաքական թիմի անդամներ էին:

Նույն շարքից