Տնտեսություն 

Երևանում քննարկում են ատոմակայանի հարցերը

Սեպտեմբերի 3-4-ը Երեւանում /ՀԱԷԿ-ում/ ընթանում է ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովը` ՀԱԷԿ-ին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, ՀԱԷԿ-ում ԵՄ օժանդակության ծրագրի (AOSA), Ռուսաստանի Դաշնության եւ Չեխիայի ներկայացուցիչներ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը  ողջունել է  ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովի մասնակիցներին: Նախարարը նշել է. «Մենք չափազանց կարեւորում ենք ընտրված ձեւաչափը` Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ-ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման եւ իրականացման գործընթացների կազմակերպման նպատակով: Մասնակից բոլոր երկրները` ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, Չեխիա, Սլովակիա մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում: Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռեւս անելիքներ կան: Այդ իսկ պատճառով մեր Կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ-ին եւ մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձեւաչափով շարունակական դարձնելու համար, մինչեւ  2026թ.–ի բլոկի կանգառը»:

Երվանդ Զախարյանի խոսքով 2013թ.-ին, երբ ակնհայտ դարձավ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում իրականացնել Նոր էնեգաբլոկի կառուցման ծրագիրը, որոշում ընդունվեց գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել 10 տարով: ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին հավանություն է տվել «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին»:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ՌԴ Ռոսատոմ կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն  գործող  էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառել  անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

 -Օգտվելով ընձեռված հնարավորությունից, մեկ անգամ եւս իմ խնդրանքն եմ ուղղում մասնակից դոնոր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին` մինչեւ էներգաբլոկի կանգառը հետամուտ լինել այս ձեւաչափի շրջանակներում դեռեւս չիրականացված մյուս միջոցառումների իրականացմանը,- ասել է Երվանդ Զախարյանը:

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ ԱԷՄԳ ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը:

- Տպավորված եմ այն ներկայացուցչական կազմով, որ մասնակցում են այս համաժողովին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մասնակից բոլոր պետութուններին օժանդակության համար: Նախորդ համաժողովի ժամանակ ընդգծվեց այն փաստը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող խորհրդակցությունները լավ գործիք են անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների համակարգման եւ ճշգրիտ տեղեկատվության տարածման համար: Հայաստանի ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ: Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունը,- ասաց Լիպարը:

 ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական այս խորհրդակցություններն իրականացվում են ԱԷՄԳ-ի համակարգմամբ՝ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

Նույն շարքից