Միջազգային 

Իվանիշվիլիին Վրաստանի դե ֆակտո գործող վարչապետն է. Ալասանիա

analitik.am

Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կառավարության դե ֆակտո ղեկավարն է։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի նախկին անդամ, «Մեր Վրաստանը ազատ դեմոկրատներն են» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան՝ պատասխանելով իր հասցեին հնչեցրած քննադատություններին։


 «Կվիրիս պալիտրա» պարբերականին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել էր, որ Ալասանիան եւ նրա համախոհները «աստիճանաբար հրաժարվում են փաստերից եւ նրանց հայտարարությունները սկսում են հիշեցնել երբեմնի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների հայտարարությունները»։  Ընդ որում, Իվանիշվիլին նշել էր, որ ինքը դեռ շատ բան կարող է ասել, սակայն չի ցանկանում իրադարձությունների առաջ անցնել։


Ալասանիան  իր հերթին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել էր նախկին  վարչապետի հայտարարությունը։

 «Ես խորհուրդ կտայի բոլորին, այդ թվում՝ Իվանիշվիլիին, խոսել ապագայի եւ խնդիրների լուծումների մասին։ Իվանիշվիլին դե ֆակտո մնում է վարչապետ, իսկ հասարակությունը նրա վրայից չի վերցրել երկրում ճգնաժամ ստեղծելու պատասխանատվությունը։ Հասարակությանը չի հետաքրքրում անցյալը։ Կարեւորն այն է, թե ինչ կանի քաղաքական ուժն ապագայում»,-  հայտարարել է Ալասանիան։


Նշենք, որ Վրաստանում ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր, որ չնայած Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալուն՝ նա շարունակում է ղեկավարել երկիրը՝ այս անգամ արդեն «հետնաբեմից»։ «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիրը, սրան ի պատասխան, հայտարարել էր, թե Վրաստանի իշխանություններն ընդամենը հաշվի են նստում իր կարծիքի հետ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նույն շարքից