ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Ինչպես հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կայքը, Նուլանդը Երևանում կլինի փետրվարի 18-ին: Այստեղ նա կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնայների, քաղաքացիական հասարակության խմբերի և երիտասարդության ներկայացուցիչների հետ` քննարկելու համար Հայաստանի հետ ԱՄՆ քաղաքական, տնտեսական և միջժողովրդական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: Կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև կարգավորմանն ուղղված զարգացումները:
Հայաստան այցելելուց առաջ փետրվարի 16-ին Վիկտոյա Նուլանդը կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը` Թբիլիսի:
Ադրբեջանում նույնպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի արդբեջանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետˋ ամրապնդելու համար երկկողմ հարաբերությունները առևտրի, ներդրումների, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ոլորտներում, ինչպես նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև կարգավորման հարցը:
Վրաստանում ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կունենա ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր ուժերի հետˋ քննարկելու համար երկկողմ հարաբերությունները և Վրաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը: