Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Դեբալցեւոյի ուկրաինական ուժայիններից պահանջել է անհապաղ հանձնվել, հակառակ դեպքում սպառնալով ոչնչացնել բոլորին, իսկ այնուհետեւ զարգացնել հարձակումը Մարիուպոլի ու Խարկովի ուղղությամբ:
Դեբալցեւոյում հակամարտող երկու կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ:
Դոնեցկի աշխարհազորայինները հայտնել են, որ վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինական ուժայինները հրադադարը խախտել են շուրջ 27 անգամ՝ հրետակոծելով Դոկուչաեւսկ, Գորլովկա բնակավայրերն ու Դոնեցկի ծայրամասերը:
Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ ուկրաինական ուժայինները նպատակ չունեն հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, ավելացնելով, որ Մարիուպոլի շրջանում ուկրաինական «Ազով» ու «Դնեպր» գումարտակները փորձել են Շիրոկինոյի մոտ ճեղքել աշխարհազորայինների պաշտպանական դիրքերը, սակայն, հետ են մղվել, տալով մեկ զոհ ու 90 վիրավոր:
Միաժամանակ փորձ է ձեռնարկվել ճեղքել Դեբալցեւոյի շրջապատումը:
Ավելի վաղ Բասուրին հայտնել էր, որ հակառակորդը դիմում է պրովակացիոն գործողությունների՝ գնդակոծելով աշխարհազորայինների դիրքերը, ինչին վերջիններս պատասխանում են խիստ անհրաժեշտ դեպքերում ու աշխատում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը:
Իր հերթին, ուկրաինական հրամանատարությունը մեղադրում է աշխարհազորայիններին, հայտնելով, որ հրադադարը չի պահպանվում Դեբալցեւոյի տարածքում, որտեղ աշխարհազորայինները հրետակոծել են Լոմովատկա ու Շախտյորսկ բնակավայրերը, իսկ Դեբալցեւոյում հրետակոծության հետեւանքով ավերվել է քաղաքային ոստիկանության բաժանմունքը: