Անկարան հակաօդային պաշտպանության համակարգի համար զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ բազմամիլիոնանոց գործարքի մասին որոշում կկայացնի ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներից հետո . Թուրքիան սպասում է այդ իրադարձություններին ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների արձագանքին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hurriyet թուրքական պարբերականին։
Թուրքիան 2009թ. հայտարարել էր 4 մլրդ արժողությամբ զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին։ 2013թ. սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակից հետո ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները նրա վրա ճնշում էին գործադրում, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվեցին։ Հայտարարված նոր մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը։
«Կառավարությունը մինչեւ ապրիլի 24-ը չի շտապի այս գործարքի մասին որոշում կայացնել։ Կարեւոր կլինի, թե ինչպես կարձագանքեն այս երկրները 100-ամյակին»,- գրում է պարբերականը։ Պարբերական աղբյուրների համաձայն՝ ամերիկյան եւ ֆրանսիական թեկնածուների միջեւ լուրջ մրցակցություն է ակնկալվում։ Ավելին՝ երկու ընկերություններն էլ գիտակցում են, որ իրենց կառավարության կայացրած որոշումից է կախված գործարքի հաջողությունը կամ ձախողումը։