Տնտեսություն 

2016-ին Արցախում կանխատեսվում է հանքաարդյունաբերության հաշվին սեփական եկամուտների ծավալների աճ

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015-2017թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հետ կապված հարցեր:


Արցախի կառավարութան լրատվական ծառայությունից հայտնում են, թե վարչապետի խոսքով` բյուջետային ընդհանուր քաղաքականությունը մնալու է նույնը, քննարկվելիք միջնաժամկետ ծրագրերն ուղեցույց են հանդիսանալու բյուջեի ձեւավորման համար:


ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի խոսքով` ըստ ոլորտների ներկայացված բոլոր ծրագրերը հիմնականում համահունչ են կառավարության ծրագրին: Ըստ նրա` 2015 թ. եկամուտները նախատեսվածից պակաս կլինեն` պայմանավորված ՀՀ-ից տրամադրվող ամենամյա միջպետական վարկի նվազմամբ: Գալիք տարվա պետական բյուջեն կրկին ունենալու է սոցիալական ուղղվածություն: Տարեցտարի միայն աշխատավարձերի եւ թոշակների 10-18 տոկոս բարձրացման համար բյուջեից ավելի քան 6մլրդ դրամ է հատկացվելու:


Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին կոչ է արել գալիք տարվա պետական բյուջեի պլանավորման ընթացքում նոր ծրագրեր չներկայացնել: Ա. Հարությունյանը առաջարկել է դրանք ընդգրկել հաջորդ բյուջետային տարում, քանի որ 2016 թվականից կանխատեսվում է հանքաարդյունաբերության հաշվին սեփական եկամուտների ծավալների աճ:


Կառավարության ղեկավարն կոչ է արել նաեւ հնարավորինս կրճատել դեֆիցիտը եւ գալիք տարվա բյուջեի ծախսային մասը ձեւավորել մոտ 86մլրդ դրամի շրջանակներում՝ բացառությամբ սոցիալական ծրագրերի: Ըստ առաջնահերթության՝ կվերանայվեն մի շարք ոլորտների այլ ծրագրեր:  

Նույն շարքից