Միջազգային 

Հայ փոխնախարարներն Ամստերդամում մասնակցել են միջւազգային համաժողովի

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-ին Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության եւ պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» խորագրով եվրոպական տարածաշրջանային համաժողովին: Վերջինս նպատակ ուներ քննարկելու ՄԱԿ-ի ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների մասնակցության փորձն ու դասերը, ինչպես նաեւ նրանց կողմից ընդգրկվածության ընդլայնման հնարավորությունները:


ՀՀ պատվիրակության անունից ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` վերահաստատելով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը Հայաստանի հանձնառությունը, ներկայացնելով Հայաստանի կողմից խաղաղապահ գործողություններին մասնակցության փորձը, հետագա ծրագրերը եւ դրանց ուղղությամբ իրականացվող քայլերը:


Համաժողովի արդյունքներն ամփոփող եզրակացությունները եվրոպական տարածաշրջանի երկրների կողմից ներդրում կդառնան ՄԱԿ-ում սկսված խաղաղապահ գործողությունների վերանայման գործընթացին:


Նիդերլանդներ աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը եւ Դավիթ Տոնոյանը հանդիպեցին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Վիմ Գերթսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ վերջին շրջանում հակամարտության գոտում լարվածության աճին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ միջազգային կառույցներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, միջազգային անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ ջանքերի գործադրմանը եւ արդի մարտահրավերներին դիմագրավելուն առնչվող հարցեր:

Նույն շարքից