Թուրքիայի Էգեյան համալսարանում փետրվարի 23-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող հանրային քննարկում է անցկացվելու։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը։
«Եվրասիական տարածաշրջանում Հայկական հարցն ու Խոջալուն» խորագրով միջոցառումն իրականացվելու է թուրք-ադրբեջանական համագործակցության շրջանակներում։ Հանրային քննարկման մասնակիցների թվում է լինելու նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրե Փաշաևան, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ և իրավաբաններ։
Հայոց ցեղասպանությունը որպես «1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայ բնակչության տեղահանություն» ներկայացնող քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվելու նաև ադրբեջանցիների և թուրքերի հորինած «Խոջալուի ցեղասպանության» թեմային։
Ցեղսպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ուղղություններով: Թուրքիան հրատարակում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ, ակցիաներ և միջոցառումներ: