Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համարում է, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը կազմակերպել են արեւմտյան հատուկ ծառայությունները՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում՝ ձեռքի հետ Նեմցովին համեմատելով դատապարտված ահաբեկիչ Սալման Ռադուեւի հետ:
Քադիրովը վստահ է, որ սպանությունը արեւմտյան հատուկ ծառայությունների գործողությունն է, որը հնարավոր է իրականացվել է ուկրաինացի ուժայինների ձեռքով:
«Միայն իրավիճակը լարելու շահագրգռություն ունեցող ուժերը կարող էին գնալ նման նենգ քայլի: Սպանության կազմակերպիչները հույս ունեին, որ Նեմցովի սպանության համար ամբողջ աշխարհը կմեղադրի երկրի ղեկավարությանը եւ բողոքի ալիք կբարձրացնի: Ոչ մի կասկած չկա, որ Նեմցովի սպանությունը կազմակերպել են Արեւմուտքի հատուկ ծառայությունները, որոնք ձգտում են ցանկացած ճանապարհով ներքին կոնֆլիկտ ստեղծել Ռուսաստանում»,-հայտարարել է Քադիրովը:
Նա նաեւ քննադատել է Նեմցովին՝ նշելով, որ նա շատ պաշտոններ է զբաղեցրել, բայց դա իր խելքի բանը չի եղել: «Ռուսաստանի համար ճակատագրական թեմաների վերաբերյալ նրա շատ հայտարարություններ առանձնանում էին պոպուլիզմով... Այսպես, Նեմցովին դուր չէր գալիս այն, ինչ ես անում էի Չեչնիայի բարգավաճման համար: Լսելով նրան, հիշում էի Սալման Ռադուեւին, որն իր վրա էր վերցնում այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում եւ մեկնաբանում ամեն ինչ»,-նշել է Քադիրովը: