Միջազգային 

Յաշինը խոստանում է հրապարակել Նեմցովի զեկույցը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը խոստանում է հրապարակել Ուկրաինայի վերաբերյալ Բորիս Նեմցովի պատրաստած զեկույցը: "Путин и война"՝ «Պուտինը և պատերազմը» վերնագրի ներքո Նեմցովը պատրաստվում էր հրապարակել ապացույցներ Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի ներկայության վերաբերյալ:


Զեկույցի մասին լուրն առաջինը հաղորդել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Նեմցովի սպանությունից րոպեներ անց տարածած իր հայտարարությամբ:


«Մի քանի շաբաթ առաջ ես զրուցեցի նրա հետ, թե ինչպես կարելի է կառուցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերությունները այնպես, ինչպես մենք կցանկանայինք տեսնել դրանք: Բորիսը հայտարարեց, որ պետք է հրապարակի Ուկրաինայում ռուսական զինված ուժերի մասնակցության համոզիչ փաստաթղթեր: Ինչ-որ մեկը շատ է վախեցել դրանից: Բորիսը չի վախեցել, սակայն դահիճները վախեցել են: Նրանք սպանել են նրան», - ասել էր Պորոշենկոն:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Մոսկվայի կենտրոնում գտնվող Բորիս Նեմցովի բնակարանում խուզարկում է իրականացվել. քննիչները առգրավել են բոլոր նյութերը, այդ թվում նաև նրա բիզնեսի և քաղաքական գործունեության հետ կապված փաստաթղթերը, որոնք կարող են նրանց օգնել բացահայտել սպանությունը: Այս տեղեկատվությունը մտահոգել էր Նեմցովի մերձավորներին, ովքեր մտավախություն ունեին, որ ռուս իրավապահների ձեռքը կարող էին անցնել նաև զեկույցի համար նախատեսված նյութերը:

Նույն շարքից