Միջազգային 

Ապրիլի 24-ին Գերմանիայի միակ ներկայացուցիչը կարող է լինել դեսպանը

Գերմանիայի խորհրդարանը պլանավորում է քննարկումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարցով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։


Այս պահին Գերմանիայում քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է ներկայացնելու Գերմանիան  ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի  միջոցառումների ժամանակ։ Համաձայն գերմանական պարբերականի՝ մինչեւ այս պահը  Գերմանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ իրենք դեռ մտածում են, թե պաշտոնական անձանցից ով է մեկնելու Հայաստան։



«Յուրայիններն ակնկալում են, որ Գերմանիայի զսպվածությունն այս հարցում կդրսեւորվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ։ Շատ հնարավոր է, որ միայն Գերմանիայի դեսպանը ներկա կգտնվի միջոցառումներին այն ժամանակ, երբ Ֆրանսիան կներկայանա նախագահ Ֆրանսուա Օլանդի մակարդակով։ Պատմաբան Յուրգեն Գոթշլիխը դա սկանդալ է որակել»,- գրում է կայքը։



Հոդվածի հեղինակները դատողություններ են կատարում այն մասին, թե արդյոք Գերմանիան մեղքի իր բաժինն ունի՞ Հայոց ցեղասպանության մեջ։ Պատմաբանները ենթադրում են, որ Գերմանական կայսրության մասնակցությունը հայերի արտաքսման գործընթացի մեջ ապացուցված փաստ է։ «Սակայն դերը, որը խաղացել է Գերմանիան այդ հարցում, մինչեւ հիմա դեռ պարզ չէ. Նրանք միայն վկաներ են եղել, թե փաստացի համախոհներ»,- գրում է աղբյուրը։



Պատմաբան Քրիստին Փշիխհոլցը կասկածներ չունի, որ գերմանական կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունից։ «Մահվան երթերը, մահապատիժները եւ հարկադիր աշխատանքը. Գերմանացի դիվանագետները տեղյակ էին այն ամենի մասին, ինչ կատարվում էր նրանց շուրջ այդ ժամանակ»,-  կարծում է պատմաբանը։



Գերմանիայի դեսպանը 1915թ. հուլիսի 7-ին կայսերական կանցլերին հղած հեռագրում գրել էր. «Թուրքական կայսրությունում հայկական ռասայի ոչնչացման վերաբերյալ թուրքական կառավարության որոշման մասին»։



Նման կարծիք ունի նաեւ պատմաբան Ռոլ Հոլսֆելդը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի  կառավարությունը 100 տարի շարունակ տեղյակ է 1915-1916թթ. Օսմանյան կայսրության տարածքում իրականացված ցեղասպանությունից։

Նույն շարքից