Տնտեսություն 

Աջակցություն է ստանում ևս երկու ներդրումային ծրագիր

analitik.am

Նոր խմբագրությամբ շարադրելով «Գլաս Քամփնի» ՓԲԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու իր նախկին որոշման հավելվածը, գործադիրը Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա վերակառուցված ձեռնարկությանը հնարավորություն է տվել վերակառուցել նաև վերարտադրման վառարանը, որի համար կներդրվի շուրջ 1,75 մլրդ դրամ: Դրա շնորհիվ կնվազի արտադրանքի ինքնարժեքը, կբարձրանա մրցունակությունը, կստեղծվի մոտ 100 աշխատատեղ:

ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ մինչև 2017թ. սեպտեմբերի 10-ը հետաձգվել է «Ինտերալկո» ՍՊԸ-ի համար, որը նույնպես ներմուծել է 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանք և «Արմենալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում կազմակերպելու է խաղողի թորվածքի, բրենդիի, մրգի սպիրտի և գինու արտադրություն` կատարելով ավելի քան 300 մլն դրամի ներդրում:

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Շիրակի և Լոռու մարզերի 2014թ. կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակ է ներառել Շիրակի մարզի Արփենի, Կրասար և Աշոցք համայնքները, որոնց նույնպես աջակցություն կցուցաբերվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և դրա իրականացման 2015-2019թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին:

2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը: 

Կառավարության որոշմամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գումար է հատկացվել Երևանի և Գյումրու մեկական արհեստագործական ուսումնարանները սահմանափակ կարողություն ունեցող ուսանողների համար անհրաժեշտ հարմարություններով (սանդուղք, թեքահարթակ, բազրիք, վերելակ) համալրելու նպատակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա կրթական հաստատություններից 13-ի աշխատանքները հետաձգվելու է մինչև 2016-2017թվականներ:Կառավարության նիստին մասնակցող ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրել է խնդրի ուսումնասիրման արդյունքը՝ շինարարական աշխատանքն ավարտելու իրենց հերթին են սպասում մի քանի տասնյակ կրթօջախներ: Հարցը խիստ մտահոգել է վարչապետին, և նա հանձնարարել է այն քննարկել հատուկ խորհրդակցությունում, որպեսզի ընդունելի լուծում գտնվի:

Նույն շարքից