Շվեյցարական ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր չի հայտնվել հանրության առաջ այն պատճառով, որ կրկին հայր է դարձել:
Ինչպես գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Blick թերթին, Տիչինո կանտոնի բնակիչները հայտնել են, որ մի քանի օր առաջ Սուրբ Աննայի հիվանդանոց ծննդաբերելու է տեղափոխվել հայտնի ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան: Լրագրողները բազմիցս քննարկել են Կաբաևայի և Ռուսաստանի նախագահի հնարավոր սիրավեպը, բայց Կրեմլում այդ լուրերը հերքվել են:
Նախկինում ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ Կաբաևան արդեն երկու երեխա ունի: Այդ տվյալներն այդպես էլ չեն հաստատվել, իսկ ինքը՝ 31-ամյա մարզուհին, նման տեղեկությունները հերքել է:
Blick թերթը նշում է, որ Սուրբ Աննայի հիվանդանոցը հայտնի է իր մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնով, նշվում է, որ այստեղ բուժվելու և ծննդաբերելու են եկել շատ հարուստ ռուսներ, իսկ իրենց գովազդային-տեղեկատվական նյութերն այդ բուժհաստատությունը տարածում է՝ այդ թվում նաև ռուսերենով:
Նշվում է, որ Կաբաևայի համար ամրագրվել է երկու համար, որոնցից մեկը տրվել է անվտանգության ծառայությանը:
RSI ռադիոկայանի տվյալներով՝ Սուրբ Աննայի հիվանդանոցը Վլադիմիր Պուտինին կարող էր խորհուրդ տված լինել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում աղջիկն այդտեղ է ծննդաբերել 2009 թվականին:
Պուտինի հիվանդության մասին լուրերը հայտնվել են չորեքշաբթի օրը՝ մարտի 11-ին: Այդ ժամանակ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը տեղափոխել է Ղազախստանի նախագահի հետ հանդիպումը հիվանդության պատճառով: Ավելի ուշ, սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տվյալ տեղեկությունը՝ ասելով, որ Պուտինն առողջ է և այդ տեղեկությունների առաջացումը կապել «գարնանային սրացման» հետ:
Այսօր «Россия-24» ալիքը ցուցադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման կադրեր, որն ինչպես նշվել է՝ տեղի է ունեցել մարտի 13-ին: