Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է մարտի 13-ին սեփական բանակի զինծառայող Օրխան Վագիֆ օղլու Գուլիևի կորուստը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինծառայողը զոհվել է առաջնագծում` չնշելով միջադեպի հստակ վայրը և այլ մանրամասներ:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքն այսօր հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի Բաքվի Գալա ավանում տեղակայված զորամասերից մեկի ավագ սերժանտ Բահրամ Օսմանովն ինքնասպանություն է գործել` խմելով քացախաթթու:
Զինծառայողի ինքնասպանություն գործելու մասին Meydan TV-ին հայտնել են նրա հարազատները: Ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի խոստովանել փաստը:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 12 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 9-ը մահացել է մարտական պայմաններում:
ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 46 զինծառայող և 28-ից ավելի վիրավոր: